ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ցանկացել է բանասիրական ֆակուլտետի դասախոս, Սփյուռքի նախկին փոխնախարար, հասարակական գործիչ Սերժ Սրապիոնյանին հեռացնել աշխատանքից՝ ասելով, որ Սրապինոյանը պետք է իրենց՝ ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ չխոսի։ Oragir.news-ի հետ զրույցում Սրապիոնյանը պատմել է, որ Հովհաննիսյանը ֆակուլտետի դեկանի և ամբիոնի վարիչի միջոցով է փորձել դա փոխանցել իրեն, սակայն մերժում է ստացել․ «Այսպես կոչված՝ նորաթուխ ռեկտորը դեկանին ու ամբիոնի վարիչին է հայտնել, որ չի ուզում ինձ հետ պայմանագիր կնքել։ Ընդ որում, քառորդ դրույք է իմ աշխատանքը, անցած տարի կես էր, հիմա քառորդ։ Պատճառաբանում են, թե ուսանողների թիվը քիչ է, ժամեր չկան, իրենք այնտեղ հաշվարկային ինչ-որ նոր մեթոդներ են մտցրել և այլն։ Դե, նպատակը պարզ է․ իրենց նման չմտածող դասախոսներից ազատվելն է, դա արդեն ակնհայտ է։ Դեկանն ու ամբիոնի վարիչը բավականին կայուն դիրքորոշում են դրսևորել, երկուսն էլ պնդել են, որ չի կարող նման բան լինել, որովհետև այն շրջանը, որը ես եմ դասավանդում, այդ շրջանի մասնագետ չունենք։ Պայման է դրել, թե հետը խոսեք, որ այլևս մեր դեմ չխոսի, այլևս մեր անունը չտա, այդ դեպքում կստորագրեմ։ Իհարկե, պայմանագիրն այս պահին ստորագրել է, ժամերը բաշխել են, ես ունեմ շաբաթական այդ քառորդ դրույքի ժամերը, բայց պայմանը դա է եղել, որ ես իրենց բացերի մասին չխոսեմ։