Հայաստանի տնտեսության աճի այս տարվա սպասումների վերաբերյալ մասնագիտացված կառույցների գնահատականները շատ հեռու են այն փաստացի ցուցանիշներից, որոնք մինչև հիմա արձանագրում է պաշտոնական վիճակագրությունը։ Թեև ռուս-ուկրաինական հակամարտությունից ամիսներ անց միջազգային ու տեղական որոշ ֆինանսական կառույցներ վերանայել են իրենց նախկին կանխատեսումները, այնուհանդերձ դրանք շարունակում են բավական ցածր դիրքում մնալ։ Այս մասին գրում է 168․am-ը։ Լավագույն գնահատականն այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ տատանվում է 3,5-4 տոկոսի սահմաններում։ Այն դեպքում, երբ տարվա առաջին կեսի արդյունքներով՝ ունենք տնտեսական ակտիվության երկնիշ աճ։ Թե ինչո՞ւ են պաշտոնապես արձանագրվող այսպիսի բարձր ցուցանիշների պարագայում մասնագիտացված կառույցները շարունակում ցածր պահել Հայաստանի տնտեսության այս տարվա աճի իրենց կանխատեսումը, պետք է փնտրել տնտեսական ակտիվության ու աճի կառուցվածքում։ Այդ կառուցվածքը լուրջ ռիսկեր է պարունակում և կարող է ցանկացած պահի փլվել, երբ վերանան աճի վրա ազդող գործոնները։ Գործոններ, որոնք արհեստածին են և առաջացել են ռուս-ուկրաինական հակամարտության ու Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետևանքով։