«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ուսումնասիրել է 2022թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այսպիսով՝ 2022թ. առաջին կիսամյակում բյուջեի կատարումը շուրջ 205 մլրդ դրամով շեղվել է պլանից: Սրա հիմնական պատճառը բյուջեի ծախսերի թերակատարումն է: Թերակատարման չափն էականորեն մեծացել է նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ, որի պատճառներից է նաև այն, որ նախօրոք պլանավորվել էին անիրատեսական ցուցանիշներ: Այսպես, կապիտալ ծախսերի գծով ճշտված պլանով նախատեսված գումարը 2022-ի համար կազմում է շուրջ 365.2 մլրդ դրամ, ինչը շուրջ 148.9 մլրդ դրամով կամ 68.8%-ով գերազանցում է նախորդ տարվա փաստացի ցուցանիշը: Սակայն, առաջին կիսամյակի փաստացի ցուցանիշներից և 40․7% թերակատարման չափից ակնհայտ է, որ նման բարձր ցուցանիշներ հնարավոր չի լինի ապահովել: Ընդ որում, հիշենք, որ 2022թ. բյուջեի քննարկման և ընդունման փուլում կառավարությունը որպես հիմնական ձեռքբերում էր նշում աննախադեպ չափով կապիտալ ծախսերի պլանավորումը: Ստացվում է, որ ծախսերի իրականացման կարողությունը մնացել է նույն մակարդակում, կառավարությունն այդ ուղղությամբ որևէ քայլ չի արել, սակայն, պարզապես ներկայացնելու համար, ի սկզբանե բյուջեում արտացոլել է անիրատեսական ցուցանիշներ: