2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ապրողի կյանքը չի կարող նախկինի պես ընթանալ, որովհետև ստորացուցիչ պարտություն ենք կրել, որովհետև անվերադարձ կորուստներ ունենք, իսկ պատասխանատուները՝ ազատության մեջ են. հակառակը համարողը՝ ինքնախաբեությամբ է զբաղված։ Ցավից ծնկները ջարդող սևազգեստ մայրերն ամենուր են, ավելացել են ցայտաղբյուրները, հուշաքարերը, խաչքարերը՝ ի հիշատակ երիտասարդ նահատակների։ Մեզանից յուրաքանչյուրն իրենց բակում առնվազն մեկ շենք գիտի, որի բնակարաններից մեկում տան ճրագը մարած է, իսկ այդ տան տերերին փողոցում հանդիպելիս չգիտես ինչպես հայացքդ փախցնես, որ նրանց աչքերի մեջ նայելով չամաչես այս անարդար իրականությունը հանդուրժելու համար։