Դիմադրության շարժման մոտ 4 տասնյակ մասնակիցներ վերջին օրերին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ստացել։ Այս առնչությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ առավոտյան իրենց տուն էլ են զանգել զինկոմիսարիատից. «Առավոտյան զինկոմիսարիատից զանգեցին, ցանկացան խոսել Տարոն Մանուկյանի հետ, ես ասացի՝ ցավդ տանեմ, Տարոն Մանուկյանը 2 ամիս է՝ բանտում է: Ասացի՝ հիմա էլ մենակ ընդդիմադիր գործիչներին եք կանչո՞ւմ: Դրանից 2 ժամ անց էլի զանգեցին, ներկայացավ փոխգնդապետ, ասաց՝ Տարոն Մանուկյանի հետ կապված ուզում է հանդիպել: Եկավ, ծանուցագիր էր բերել: Ասացի՝ երկու ժամ առաջ ձեզ ասել եմ, որ բանտում նստած է: Ասաց՝ լավ, գրեք, որ ծանոթացաք: Ես էլ գրեցի, որ դավաճան Նիկոլի դեմ պայքարի համար հիմա Տարոն Մանուկյանը բանտում է, եթե բանտում չլիներ, մեծ սիրով կգնար այս զորահավաքին, բայց հիմա արձանագրում եմ, որ ՊՆ-ն եւ զինված ուժերը, ցավոք սրտի, ծառայեցնում են քաղաքական իշխանությանը»,-ասաց պատգամավորը: