Երկու օր առաջ՝ հունիսի 19-ի առավոտյան, տեղեկություններ տարածվեցին, որ այդ գիշեր թշնամին հերթական ոտնձգությունն է կատարել մեր սահմանների նկատմամբ` այս անգամ Վարդենիսի հատվածում: Ցավոք հակառակորդի հարձակման հետևանքով սպանվել է 19-ամյա ժամկետային զինծառայող Հրաչ Փիլիպոսյանը: Երկու օր է անցել, սակայն Հայաստանի պաշտպանության նախարարությունը, որևէ կերպ չի արձագանքել տեղի ունեցածին․ չկա պաշտոնական հաղորդագրություն: Հարց է առաջանում, իսկ ինչո՞վ է զբաղված ՊՆ-ն: Ժամանակին ռազմական գործի հետ առնչություն չունեցած և ծառայության ժամանակ սպա դանակահարած Պապիկյանի կառույցը շարունակաբար լռում է տեղի ունեցածի մասին: Այնպիսի տպավորություն է, որ ՊՆ-ն զինծառայողի զոհվելու հետ մեկտեղ նաև այլ իրողություններ ունի թաքցնելու, այդ իսկ պատճառով, հետևողական կերպով այս ողբերգության մասին պաշտոնական հաղորդագրություն չի տրվում: ՊՆ-ի լռությունը օբյեկտիվորեն բազմաթիվ կասկածներ և հարցեր է առաջացնում հանրության մոտ, որոնցից ամենակարևորը կարող է լինել այն, թե արդյո՞ք դիրքային կորուստներ ենք կրել, որի պատճառով գուցե ՊՆ-ն հանցավոր կերպով լռում է տեղի ունեցածի մասին: