Դարեր շարունակ հայ ժողովուրդը, լինելով օտարների հպատակության ներքո, պայքար է մղել պետականության կերտման համար: Եվ հայոց պետականության կյանքում պետական խորհրդանիշները մեծ դերակատարում ունեն: Յուրաքանչյուր ազգ իր պետական խորհրդանիշների արժեքը հատկապես սկսում է գիտակցել, երբ իր պատմության տարբեր շրջափուլերում հայտնվում է գոյաբանական վտանգների առջև: Բավական է հիշել, թե ինչ ցնծություն էր տիրում, երբ 1988թ. մայիսի 28-ին սովետական տոտալիտար պայմաններում առաջին անգամ Մովսես Գորգիսյանի կողմից բարձրացվեց Հայոց եռագույնը: Այս իրադարձությունից հետո էլ ավելի մեծ թափ ստացավ Արցախյան անկախական շարժումը: