«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հաշվեքննիչ պալատը Առողջապահության նախարարության վատնումների վերաբերյալ աղաղակող բացահայտումներ է արել։ Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է՝ կորոնավիրուս համավարակի ժամանակ մահճակալային զբաղվածության, մեկ անձից գնումների, հավելավճարների, մեկ անձի վրա ծախսերի, թեստավորումների եւ այլնի մասով սպասելի բացահայտումներ են արվել։ Ըստ Հաշվեքննիչ պալատի զեկույցի՝ 2020թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի կանխարգելման, բուժման համար ներկայացրել է ավելի քան 26 մլրդ դրամի ծախս, այնինչ համավարակի կանխարգելման, վերահսկման եւ բուժման նպատակով հատկացված ֆինանսավորման համար չեն սահմանվել ծախսային ուղղություններ ու ֆինանսական ցուցանիշներ։ Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փաստացի կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվություններ նախարարություն չեն ներկայացվել: Հաշվեքննիչ պալատը նաեւ արձանագրել է կորոնավարակի թվերի վերաբերյալ խախտումներ. այսպես, համակարգչային տոմոգրաֆիայի հայտերը համակարգ մուտքագրվել են առանց դեպքի կոդը նշելու, ինչի պատճառով հնարավոր չի եղել հստակ իմանալ՝ արդյոք այդ պացիենտները կորոնավիրուսով նոր վարակվածներ են, թե ոչ։ Նաեւ դեպքեր են արձանագրվել, երբ մեկ անգամից ավելի «Արմեդ» համակարգ են մուտքագրվել իրականացված հետազոտություններ, իսկ դրանց դիմաց վճարումներ են կատարվել։