Օրերս մի շարք լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմին հայ սահմանապահները չեն թույլատրել մուտք գործել Հայաստան, և պաշտոնյան ստիպված է եղել մոտ երեք ժամ սպասել, մինչև հարցը կլուծվի, և նրան թույլատրեն դուրս գալ օդանավակայանից: Նայեմը Հայաստան էր ժամանել մասնակցելու Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդեռլանդների ինստիտուտի կողմից կազմակերպած հակակոռուպցիոն միջազգային քննարկմանը: Ավելի ուշ Նայեմը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանի և Ստեփան Գրիգորյանի հետ, որոնք ևս մասնակցել էին այդ հանդիպմանը: