Այսօր խորհրդարանում Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերթական անգամ մտքի փայլատակումներ է ունեցել: Սիմոնյանը, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցադրմանը, թե արդյոք իրենք ժողովրդից ներողություն խնդրել են Արցախի 75%-ի կորստի համար և այն բոլոր չարիքների համար, որ իրենց իշխանությունը բերել է, նշել է, որ հայ ժողովուրդը արտահերթ ընտրությունների արդյունքներով իրենց ըստ էության ներել է և մանդատ է շնորհել կառավարելու համար: Սիմոնյանը իհարկե չի նշում, թե նախընտրական փուլում ինչ խոստումներ էր շռայլում իշխանությունը` քաղաքացիների քվեին արժանանալու համար: Հանցագործ իշխանությունների պարագլուխը հայտարարում էր, որ գերիները մի քանի ամսից տանը կլինեն: Այնինչ շուրջ 2 տարի է գերիները տուն չեն վերադարձել: Նրանք խոստանում էին նաև, որ Արցախի հարցում գործելու են «անջատում հանուն փրկության» կոնցեպտի շրջանակներում և բարձրացնելու են Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի հարցը: Ինչպես տեսնում ենք, այսօր ոչ միայն Շուշիի և Հադրութի հարցը չի շոշափվում, այլև ՔՊ-ականները մեկը մյուսին հերթ չտալով գրեթե բառացի հայտարարում են, որ Արցախը Ադրբեջանի մաս է: Սրանով արձանագրենք, որ ՔՊ-ականները հերթական անգամ խաբել են իրենց ձայն տված քաղաքացիներին: Եվ պատահական չէ, որ տարբեր սոցհարցումների շրջանակներում փաշինյանական վարչախմբի վարկանիշը օր օրի ավելի մեծ անկում է ունենում: