«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 31-ն է, բայց շատ պաշտոնյաներ այդ կարեւոր գործը էլի թողել են վերջին օրերին: Գաղտնիք չէ, որ հայտարարագիր ներկայացնելուց նաեւ այլ փաստաթղթեր էլ են անհրաժեշտ, երբեմն բանկերից քաղվածքներ, նոտարից ու կադաստրից տեղեկանքներ եւ այլն, ու այս հանգամանքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում խառնաշփոթ ու գերլարված իրավիճակ է ստեղծել: Ավելին՝ թեեւ ընդամենը մեկ շաբաթ է մնացել, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, հայտարարատու պաշտոնյաների մոտ 80 տոկոսը դեռ նոր է որոշել հայտարարագրի ձեւը լրացնել: Ասել է թե՝ դանակը հասել է ոսկորին, պաշտոնյաները նոր են գործի անցել: Հատուկենտ բարեխիղճ ու պատասխանատու պաշտոնյաներ են, որ արդեն ներկայացրել են իրենց հայտարարագիրը: