Քիչ առաջ իշխանությունը սադրանք է կազմակերպել Ֆրանսիայի հրապարակում։ AntiFake.am–ի թղթակցի փոխանցմամբ՝ մի ավտոմեքենա 2018 թվականի իշխանափոխության ընթացքում հայտնի դարձած «Դուխով» երգը բարձր միացրած մտել է Ֆրանսիայի հրապարակ և մի քանի պտույտ տվել։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները ի սկզբանե ուշադրություն չեն դարձրել սադրանքին։ Սակայն ավտոմեքենայի «դուխով» վարորդն ու ուղևորները չեն բավարարվել մի քանի պտույտ տալով։ Նրանք շարունակել են «Դուխով» երգը միացրած վարել ցուցարարներին զայրացնելու նպատակով այնքան ժամանակ մինչև մի քանի ցուցարարներ հորդորել են սադրիչներին հեռանալ հրապարակից։ Բայց սադրիչներից մեկը սկսել է հայհոյել հավաքվածներին, ինչից հետո իրավիճակը թեժացել է։ Քաղաքացիները «լարել են» սադրիչներին Ֆրանսիայի հրապարակից, որոնք, չհաջողացնելով ավարտին հասցնել իրենց սադրանքը, փախել են այնտեղից։ AntiFake.am–ի թղթակցի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի հրապարակում նստացույց իրականացնող ցուցարարները սադրանքի հեղինակներին կապում էին «Շիշ բռնող» մականունով հայտնի պատգամավորի հետ։