Վերջին օրերին ավելացել է լարվածությունը Հայաստան-Ադրբեջան և հատկապես Արցախ-Ադրբեջան շփման գծերում։ Արցախի սահմանամերձ գյուղերն արդեն ականանետերի թիրախ են դարձել, Խրամորթ գյուղում ականանետով վիրավորել են իր տան բակում գյուղատնտեսական աշխատանք կատարող 50-ամյա Սուրեն Բաղրյանին։ Երասխում ունենք զոհ, մարտի 8-ից խափանվել է Արցախի գազամատակարարումը, ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում պայթել կամ, ինչպես ասում են՝ պայթեցվել է Արցախ մտնող միակ գազատար խողովակը, և մինչև հիմա թույլ չեն տալիս ռուս խաղաղապահներին ու մեր ներկայացուցիչներին մոտենալ խողովակին, որ նորոգեն ու վերականգնեն գազամատակարարումը: