Ադրբեջանը հետախուզում է հայտարարել նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ: Ուշագրավ է մեղադրանքի բովանդակությունը: Ըստ ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Թաղիևի՝ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները մեղադրվում են 1988թ. փետրվարին Ղարաբաղում ադրբեջանցիների և հայերի միջև թշնամանք հրահրելու նպատակով կազմակերպություններում ու հիմնարկներում ժողովներ գումարելու համար: Իհարկե զարմանալի չէ, որ ադրբեջանական կողմը շարունակում է սարսափել Հայաստանի նախկին ղեկավարներից և Արցախյան շարժման հերթական տարեդարձի օրերին այսպիսի գործողություն է ձեռնարկել: Հայաստանի նախկին բոլոր իշխանությունների ժամանակ հայկական կողմը եղել է հաղթող կողմ, իսկ թե՛ Քոչարյանը և թե՛ Սարգսյանը իրենց հսկայական ավանդն ունեն վերոգրյալ համատեքստում: Ադրբեջանցիների կողմից այսպիսի դրսևորումները այն էլ Արցախյան շարժման տարեդարձի օրերին ունեն նաև այլ հստակ նպատակներ: Այսպիսի հետախուզում հայտարարելով և հիմքում նմանօրինակ մեղադրանքներ դնելով՝ իրենք փորձում են ցույց տալ, որ Արցախյան հարց գոյություն չի ունեցել և չունի: Ռազմավարական առումով, ըստ էության, փորձ է արվում վերջնական հարված հասցնել 88-ի շարժման արժեքներին և այդ արժեքների ծնունդ Արցախի Հանրապետությանը: