Այսօր՝ մայիսի 8-ին, Ազգային ժողովում Կառավարության 2019թ. գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում անդրադարձել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ելույթին, որը ընդհատել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ով այնուհետև ապտակել, ապա բռունցքով հարվածել է Մարուքյանին: Վիճաբանության ընթացում էլ իմքայլական պատգամավորներ Վահե Ղալումյանը և Արտակ Մանուկյանը թիկունքից հարվածել են Մարուքյանին: Միջադեպից հետո վերջիններս, ի հեճուկս առկա տեսաձայնագրությունների, հերքել են թե հարվածել են Մարուքյանին: Դա նաև հերքել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Այնուհետև, անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին ՀՀ վարչապետ Փաշինյանը այդ ամենում մեղադրել է «հակահեղափոխականներին» և տեղի ունեցածը ներկայացրել որպես քստմնելի սադրանքի հետևանք: