«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կողբի համայնքապետի պաշտոնակատար Սերյոժա (Սերգեյ) Ավագյանը, վարակված լինելով կորոնավիրուսով, օրերս՝ նոյեմբերի 30-ին, նախընտրական քարոզարշավի է մասնակցել: «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ մասին հենց ինքը՝ համայնքապետի պաշտոնակատարը տեղեկացրեց: Ավագյանի՝ Facebook-ի էջում դեկտեմբերի 1-ին տեղադրված տեսանյութում, որն իշխող «Քաղաքացիական պայմանագրի»՝ նոյեմբերյանի մի քանի գյուղերում իրականացված քարոզարշավին է վերաբերում, հստակ երեւում է՝ ինչպես է նա, օրինակ, ծաղիկ խոնարհում հանուն հայրենիքի զովհածների հուշակոթողին: «Ես չգիտեմ՝ ինչ ահազանգ է, բայց մի անգամ եմ գնացել Կողբում քարոզարշավ իրականացնելիս: Գնացել, հեռու կանգնել եմ՝ սոցիալական հեռավորությունը պահելով: Իսկ ուրիշ բանի ո՛չ մասնակցել եմ, ո՛չ էլ ինչ-որ մի բան»,- մեզ հետ զրույցում ասաց Ավագյանը: Մեր դիտարկմանը, թե տեսանյութում հստակ երեւում է՝ ինչպես է ինքը հանրային նշանակության միջոցառման մասնակցում, արձագանքեց. «Թեստի պատասխանը, հա, դրական էր, ու «բյուլետենով» 14 օր տանը կարանտինային ռեժիմ պետք է լիներ, բայց տաքություն, սատուրացիա, էդ բաները նորմալ են: Էդ օրն էլ դրսում ո՛չ քարոզարշավ էի անում, ո՛չ բան: Եկել էին, իմ գյուղ էին մտել, դուրս եմ եկել, դիմավորել եմ, էդքան բան»: