Արցախում նոր կորոնավիրուսյան համաճարակի հետ կապված՝ համապետական ընտրությունների հետաձգման վերաբերյալ արդեն մեկ ամիս է՝ ինչ բուռն քննարկումներ են ընթանում։ Նախագահի թեկնածուների աջակիցների մի հատված պահանջում են անհապաղ հետաձգել ընտրությունները, ընդ որում՝ դա պահանջում են Արցախի իշխանություններից և մեղադրում եմ ՀՀ կառավարությանը և մասնավորապես վարչապետ Փաշինյանին, Արցախի նախագահ Բակո Սահակյանի վրա բավականաչափ ճնշում չգործադրելու համար, իսկ մյուս հատվածը հակված է այնուամենայնիվ գնալ ընտրությունների, պայմանավորելով դա այն հանգամանքով, որ անորոշ ժամկետով ընտրությունների հետաձգումը կարող է էլ ավելի բացասական հետևանքներ ունենալ Արցախի համար քան Կորոնավիրուսյան սպասվելիք մարտահրավերները։ Հատկանշական է նաև, որ այս հարցում Արցախում ձևավորվել է քաղաքական ուժերի հստակ բևեռացված օրինաչափություն։ Այն ուժերը, որոնք ավելի հեղափոխական են տրամադրված Արցախի ներկայիս իշխանությունների նկատմամբ, վերջին մի քանի օրերի ընթացքում ընտրությունների հետաձգման ակտիվ քարոզ են իրականացնում, հայտարարություններով են հանդես գալիս։ Ըստ շրջանառվող լուրերի դա նաև պայմանավորված է փողոցային պայքարի համար ժամանակ շահելու նկատառումներով, իսկ այն թեկնածուները, որոնք քաղաքական շահ չեն հետապնդում, մեծամասամբ չեզոք դիրք են որդեգրել, առանց ավելորդ աղմուկի դադարեցրել են բոլոր հրապարակային միջոցառումները։