Այսօր՝ մարտի 19-ին, ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության 3-րդ օրը՝ Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ՀՀ պարենային ապահովվածության մակարդակին և պետական գաղտնիքներ հայտնել։ Վարչապետը մասնավորապես ասել է․ «Իհարկե ասվել է, որ մենք այդ առումով խնդիրներ չունենք, և հիմա իմ ձեռքի տակ տեղեկանք է, որը վկայում է, որ մենք սննդի բավականին լավ պաշարներ ունենք, օրինակ, շաքարավազ՝ 201 օրվա պաշար ունենք երեկ չէ առաջին օրվա դրությամբ, հավի միս՝ 64 օրվա պաշար ունենք, ձեթ՝ 38 օրվա պաշար ունենք, բայց միևնույն ժամանակ, օրինակ իմ ձեռքին տեղեկանք է, որ երեկ՝ միայն ամսի 18-ին, 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ ձեթ 18 տոննա, շաքար՝ 220 տոննա, ցորեն 145 տոննա, հրուշակեղեն՝ 15 տոննա, սիսեռ՝ 20 տոննա, և էդպես շարունակ, արևածաղկի սերմ, դդմի սերմ, սառեցված միս, նույնիսկ՝ կարտոֆիլ։ Եվ ուզում եմ ասել, որ լիարժեք ապահովված ենք նաև վառելիքով՝ բենզինով և դիզելային վառելիքով, և ներմուծվում է»։