Այսօր՝ մարտի 17-ին, Կառավարությունում հրավիրված ասուլիսում վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել է, որ «Այո»-ի քարոզարշավի շրջանակում Վայքում աշխատած լրագրողների հետ կապ են հաստատել Առողջապահության նախարարությունից և համապատասխան ախտանիշների դեպքում առաջարկել կորոնավիրուսի թեստավորում անցնել։ Գևորգյանը մասնավորապես ասել է․ «Բոլոր ներկա լրագրողների հետ կապ են հաստատել Առողջապահության նախարարությունից։ Մենք տվել ենք ցուցակները, կապը հաստատվել է, բոլորից հետաքրքրվել են իրենց առողջական վիճակի մասին, ախտանիշների մասին են հարցրել, և առաջարկվել է, որ եթե ունեն համապատասխան ախտանիշները, իրենք գնան և անցնեն թեստավորումը: Գրեթե բոլորը, ինչքանով ես եմ տեղյակ, հրաժարվել են դրանից»։