Երեկ՝ հունվարի 13-ին, Հանրային խորհրդի նորանշանակ նախագահ Ստյոպա Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Քաղաքական չեզոքություն նշանակում է չզբաղվել կուսակցական գործունեությամբ, այսինքն չլինել ներքաղաքական իշխանության համար մղվող պայքարի գործընթացի մաս: Ես չեմ անդամակցում որևէ կուսակցության, Հանրային խորհուրդ ներգրավվել եմ որպես փորձագետ, դուք դա կարող եք նաև տեսնել նշանակման հրամանագրում, որպես վերլուծաբան-քաղաքագետ Ստեփան Սաֆարյան: Եվ քաղաքական չեզոքությունը վերաբերվում է կոնկրետ մասնագիտական կարծիքներ հայտնելուն Հանրային փորձաքննության շրջանակներում: Ես չգիտեմ, չեմ ուզում այլ խոստումներ տալ, բայց համենայն դեպս, առաջին հերթին այդ քաղաքական մասնագիտական չեզոքությունը իմ համար է կարևոր, դա ինձ համար շատ ավելի թանկ բան է՝ պահպանել մասնագիտական գործունեության դաշտում քաղաքագետի ինքնությունը: Ինձ որևէ քաղաքական գործընթաց չի գայթակղում, մեծ քաղաքականության մեջ մտնելու որևէ շարժառիթ այս պահին չունեմ»: